Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011

Ամորձու մետախրոն քաղցկեղ

Ամորձիների ուռուցքներով հիվանդացությունը եվրոպական երկրներում կրկնապատկվում է յուրաքանչյուր 20 տարին մեկ: Միջին ցուցանիշը կազմում է 6,3 հիվանդ 100000 տղամարդ բնակչության: Մինչդեռ  մահացությունը  ամորձիների  քաղցկեղի ժամանակ  մնում է  բավականին  ցածր մակարդակի  վրա` 0,38/100000 բնակչության:


Գերմինոգեն ուռուցքների մոտ 60%-ը կազմում են ոչ սեմինոմաներ կամ խառը տիպի ուռուցքներ, իսկ 40%-ը` սեմինոմաներ: 2%-3% հիվանդների մոտ լինում են երկկողմանի  ուռուցքներ [1]: Ուռուցքները քիչ ավելի հաճախ հանդիպում են աջ ամորձում, ինչը համապատասխանում է աջակողմյան կրիպտօրխիզմի ավելի տարածված լինելու փաստին: Մոտ 2%-3% դեպքերում ուռուցքները երկկողմանի են և ի հայտ են գալիս կամ միաժամանակ  կամ հաջորդաբար: Սովորաբար երկկողմանի ուռուցքներն ունենում են միատեսակ հիստոլոգիական կառուցվածք: Bach-ը (1983) հետազոտել է 337 երկկողմանի ուռուցքների հյուսվածքաբանական հետազոտությունների արդյունքները և հայտնաբերել է, որ ամենատարածված հիստոլոգիական տիպն է հանդիսացել սեմինոման (48%): Երկկողմանի ոչ  սեմինոմաներ հայտնաբերվել են 15% դեպքերում, տարբեր հիստոլոգիական տիպի գերմինատիվ ուռուցքներ` 15% դեպքերում, միատեսակ հիստոլոգիական տիպի ոչ գերմինատիվ ուռուցքներ` 22% դեպքերում [2]: Ամորձու  ուռուցքով  հիվանդների  գրեթե  50%-ը անամնեզում նշում է կրիպտօրխիզմ (միակողմանի կամ երկկողմանի), ինչը համահունչ է այն դիտարկումներին, որը նույնիսկ միակողմանի կրիպտօրխիզմի դեպքում հաճախակի  է հանդիպում  երկկողմանի  ամորձիների  դիսգենեզիա: Այն հիվանդների մոտ, որոնց նախկինում կատարվել էր օրխէկտոմիա գերմինոգեն քաղցկեղի կապակցությամբ, ինչպես նաև անամնեզում կրիպտօրխիզմ ունեցողներին պարտադիր է երկարատև հսկողություն [3]:


Սեմինոմաների ժամանակ AFP-ի մակարդակը պետք է լինի նորմայի սահմաններում: Հակառակ դեպքում, չնայած հյուսվածքաբանական եզրակացությանը, ուռուցքները պետք է դիտվեն որպես ոչ սեմինոմաներ [4]:

Առաջնային ուռուցքի բուժման ստանդարտ է համարվում օրխոֆունիկուլէկտոմիան, որը պետք է կատարվի մինչև որևիցե այլ բուժում սկսելը: Միայն հիվանդի ծանր վիճակից ելնելով` պայմանավորված ուռուցքի տարածումով, ինչպես նաև AFP-ի կամ HCG-ի բարձր ցուցանիշների պարագայում  ցուցված է  անհապաղ սկսել համակարգային քիմիաթերապիան: Օրխոֆունիկուլէկտոմիան  կատարվում է հիվանդի  ընդհանուր  վիճակը բարելավելուց  հետո: Պահանջվում է  հետվիրահատական  շրջանում  կատարել  ուռուցքային մարկերների մոնիտորինգ յուրաքանչյուր 7-14 օրվա ընթացքում, մինչև իրենց մակարդակի կարգավորումը կամ նվազեցման դադարեցումը [5]:

Հիվանդ` Բ.Ա., 47տ., «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ուրոլոգիական կլինիկա է դիմել` գանգատվելով  միակ ձախ ամորձու պնդացումից և ցավային  զգացողությունից:  Իրեն հիվանդ է համարում 1997թ-ից, երբ ՈւԱԿ-ում աջ ամորձու նորագոյացության կապակցությամբ կատարվել է աջակողմյան օրխոֆունիկուլէկտոմիա, ըստ հյուսվածքաբանական  հետազոտության արդյունքի` ախտորոշվել է աջ ամորձու կլասիկ սեմինոմա, որից հետո հիվանդը ստացել է 4 կուրս քիմիաթերապիա, և հետագայում պարբերաբար հսկվել օնկոուրոլոգի կողմից: Հիվանդն ամուսնացած է, ունի 3 երեխա: 2011թ-ին հիվանդը ձախ ամորձու մեծացման և ցավերի կապակցությամբ դիմել է «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի ուրոլոգիական կլինիկա: Ընդունման պահին հիվանդի  ընդհանուր  վիճակը  բավարար էր,  պերիֆերիկ այտուցներ և լիմֆադենոպաթիա չի հայտնաբերվել: Գոտկային շրջանը տեսանելի և պալպատոր անփոփոխ, բախման ախտանիշը 2 կողմից բացասական է: Վերցայլային  շրջանը պալպատոր փափուկ է, անցավ, միզապարկը  չի շոշափվում: Արտաքին սեռական օրգանների զննման ժամանակ բացակայում է աջ ամորձին, ձախ փոշտի խոռոչում շոշափվում է մոտ 5սմ չափսի, օվալաձև, պինդ կոնսիստենցիայի ձախ ամորձին, շոշափումը թույլ ցավոտ է: Մատ-ուղիղաղիքային հետազոտությամբ ախտաբանական շեղումներ չեն հայտնաբերվել:

Սոնոգրաֆիկ հետազոտություն – երիկամների չափսերը նորմայի սահմաններում են, մեզի արտահոսքը խանգարված չէ: Պարենխիման պահպանված է: Միզապարկը`  առանց առանձնահատկությունների: Շագանակագեղձը  չափերով 27 x 30 x 37մմ, դիֆուզ փոփոխված է, առկա են կալցիֆիկատներ կենտրոնական մասում, եզրերը հստակ են: Հետորովայնային լիմֆատիկ հանգույցները մեծացած չեն: Միակ ձախ ամորձին մեծացած է, չափսերը` 50 x 36մմ, էխոկազմությունն անհամասեռ է, թաղանթներում հայտնաբերվում է չնչին քանակությամբ հեղուկ:  

ՀՇ – հեռավոր  մետաստազներ  և  մեծացած  ավշային հանգույցներ չեն հայտնաբերվել: Արյան և մեզի լաբորատոր հետազոտության տվյալներում նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել: Ուռուցքային մարկերներ` կարցինոէմբրիոնալ  անտիգեն – 2,0 նգ/մլ (նորման մինչև 4,0 նգ/մլ),  α-ֆետոպրոտեին - 15,8 նգ/մլ (նորման մինչև 6,0 նգ/մլ), խորիոնային գոնադոտրոպին - 1,7 mIU/մլ (նորման մինչև 2,5 mIU/մլ):         

Կատարված հետազոտությունների արդյունքում հիվանդի մոտ ախտորոշվեց միակ ձախ ամորձու նորագոյացություն:

Հիվանդին ողնուղեղային անզգայացման տակ կատարվել է օրխոֆունիկուլէկտոմիա ձախից: Պաթոհիստոլոգիական ախտորոշում` ամորձու կլասիկ սեմինոմա` մեռուկի օջախներով, ներաճած մակամորձի, ինվազիայով եզակի արյունատար անոթներ,  pT2pNxpMx:  Հետվիրահատական շրջանն անցել է հարթ:

Հիվանդը դուրս է գրվել կլինիկայից բավարար վիճակում: Հիվանդին խորհուրդ է տրվել շարունակել համակարգային քիմիաթերապիան ՈւԱԿ-ում:


Եզրակացություն

 

Չնայած այն փաստի, որ սինխրոն, ինչպես նաև մետախրոն ամորձու ուռուցքների բուժումը միանման է, իսկ կանխատեսումները երկու դեպքում էլ բարենպաստ, անհրաժեշտ է երկարատև մոնիտորինգ օրխէկտոմիայից հետո, քանի  որ  կոնտրլատերալ ամորձում ուռուցքի զարգացման ռիսկը մնում է բարձր: Բարձր ռիսկի միջակայքը կազմում է 20 տարի:

 

Գրականություն


  1. Huyghe E., Matsuda T., Thonneau P.. Increasing incidence of testicular cancer. Cancer 1997;80:1954-60, EBM IIb.

  2. Schmoll H.J., Souchon R., Krege S., Albers P., Bayer J., Kollmannsberger C. et al.  European Germ Cell Cancer Consensus Group. Ann Oncol 2004;15:1377-99.

  3. Laguna M.P., Pizzocaro G., Klepp O., Algaba F., Kisbenedek L., Leiva O.. EAU guidelines on testicular cancer. Eur Urol 2001;40:102-10.

  4. Albers P., Albrecht W., Algaba F. et al. European Urology 48 2005; 885-894.

  5. Урология. Национальное руководство Под ред. Н.А.Лопаткина 2009. с.838-851.

Հեղինակ. Ի.Գ.Աղաջանյան, Ս.Վ.Ֆանարջյան, Վ.Ս.Հովակիմյան, Ց.Ա.Պապոյան (ԱԱԻ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ)
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 2.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Միջմիզուկային մասնահատումը շագանակագեղձի քաղցկեղի ժամանակ (գրականության տեսություն)

Շագանակագեղձի քաղցկեղը լուրջ խնդիր է ներկայացնում և տարեցտարի ավելի  մեծ ուշադրություն է գրավում: Վերջին տարիներին, հատկապես զարգացած երկրներում նկարագրվում է շագանակագեղձի քաղցկեղով հիվանդացության աճ...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Պրոստատ սպեցիֆիկ անտիգենի մետաբոլիզմը

Պրոստատ սպեցիֆիկ անտիգենը 34ԿԴ մոլեկուլյար զանգվածով գլիկոպրոտեիդ է, որը գրեթե գերազանցապես արտադրվում է շագանակագեղձի էպիթելում [1,2]: ՊՍԱ-ի որոշումը օգտակար է շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման համար...

Ուրոլոգիա
Շեքի շրջանի արտաօրգանային սարկոմա (կլինիկական դեպքի նկարագրություն)

Հիվանդ Ա.Վ., տղամարդ, 43տ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունք էր ընդունվել` գանգատվելով շեքի շրջանի ուռուցքային գոյացության առկայությունից, ցավերից և դժվարամիզությունից: Հիվանդության...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա Կլինիկական դեպքեր
Բիպոլյար ներմիզուկային մասնահատում` «ոսկե ստանդարտի» նոր խոսք (գրականության տեսություն)

Ներմիզուկային վիրահատությունների պատմությունը սկսվում է XVI դարից, երբ ֆրանսիացի վիրաբույժ Ambruise Pare-ն վերականգնեց նեղացած միզուկի անցանելիությունը` կիրառելով կյուրետ և սրած լուսնացքավոր բուժ...

Ուրոլոգիա Վիրաբուժություն
Միզապարկի քաղցկեղի էնդոսկոպիկ բուժման արդյունքների բարելավումը բիպոլյար ներմիզուկային մասնահատման կիրառմամբ

Միզապարկի մակերեսային ուռուցքների էնդոսկոպիկ բուժման ոսկե ստանդարտ է համարվում ներմիզուկային մասնահատումը (ՆՄՄ) [3]: Այն հետագա մորֆոլոգիական ախտորոշման հետ միասին հանդիսանում է փուլավորման առավել տեղեկատվական եղանակ...

Ուռուցքաբանություն Ուրոլոգիա
Ազոոսպերմիայով ուղեկցվող վարիկոցելեով պացիենտների վարումը օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների լույսի տակ (գրականության տեսություն)

Սերմնալարի երակների վարիկոզ լայնացումը` վարիկոցելեն, տղամարդկանց ընդհանուր պոպուլյացիայում հաճախ հանդիպող պաթոլոգիա է: Դրա առկայությունը կարող է ոչ մի կերպ չազդել սերմի ցուցանիշների վրա, սակայն հաճախ սերմնահեղուկում դիտվում են  որոշակի...

Ուրոլոգիա
Սթրեսային անմիզապահության բուժման սլինգային վիրահատությունների (TVT, TOT, TVT-O) համեմատական բնութագիրը (գրականության տեսություն)

Կանանց  անմիզապահության հանդիպման հաճախականությունը բոլոր տարիքային խմբերում հասնում է մինչև 30-35%-ի, ընդ որում սթրեսային անմիզապահությունը (բնորոշվում է որպես մեզի ակամա արտազատում միզապարկից ֆիզիկական ակտիվության, հազի...

Ուրոլոգիա
Սուր պերիպրոստատիկ հեմատոման որպես շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիայի հազվադեպ հանդիպող բարդություն (կլինիկական 2 դեպքի նկարագրություն)

Սոնոգրաֆիկ հսկողության տակ իրականացվող շագանակագեղձի տրանսռեկտալ բիոպսիան ներկայում հանդիսանում է շագանակագեղձի քաղցկեղի ախտորոշման և վաղ հայտնաբերման «ոսկե ստանդարտ»...

Ուրոլոգիա Վիրաբուժություն Կլինիկական դեպքեր
Երիկամների տուբերկուլյոզ (գրականության տեսություն)

Տուբերկուլյոզն ամբողջ աշխարհում շարունակում  է մնալ  մահացության ամենաշատ տարածված  պատճառներից  մեկը  ինֆեկցիոն  հիվանդությունների շարքում: Ըստ Առողջապահության Համաշխարային Կազմակերպության` ամեն տարի աշխարհում տուբերկուլյոզից...

Վարակաբանություն Նեֆրոլոգիա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ